Рубрика: Բանահյուսություն

Բանահյուսության տեսակները

Հեքիաթ

Եդեմական Ծաղիկը

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․
-Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։
Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։
-Լավ,- ասում է,- կբերեմ։
Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։
Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․
-Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․ -Քո մահն է հիմի․․․-ձեն է գալի ամեն կողմից․․․
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։
-Ների՛ր,- ասում է,-ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․
-Կներեմ,-կանչում է հրեշը,-միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
-Համաձայն եմ։

  • Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։
    Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
    -Բան չկա, հայրիկ- ասում է Ծաղիկը,- դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
    Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․
  • Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․
    Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։
    Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։
    Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․
  • Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․
    Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
    Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։

Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբոր նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անույշ ու համբույր կըտա:

Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները․

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնե պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։

Հիմի կելնի թագավորը,
Հըզոր Արին-Արմանելին,
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։

Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սիպտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։

Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։

  • Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։
    Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։
  • Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,- պատասխանում է Արին-Արմանելին։- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։
    Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։
    Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են—զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում Է Սիպտակ դևը, Արին—Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը․ երկիրը ղողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված—ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։
    Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին—Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ—կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում, աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։

Առած ասացվածք

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Բախտը մի անգամ է այցելում։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին…

Առակ

ԱՌՅՈԻԾԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ
Առյուծը սպասավոր վերցրեց աղվեսին և պատվիրեց նրան.

– Երբ տեսնես, որ արյունը տվել է աչքս, ինձ իմաց արա, դա որսն սկսելու իմ նշանն է։

Աղվեսը պիտի նշանն ասեր։

Եվ առյուծը որս էր անում այդպես։ Ուրախանում էին նրանք ու երկուսով ուտում որսը։

Հպարտացավ աղվեսը, դուրս եկավ առյուծի ծառայաթյունից և, գայլին դարձնելով իր սպասավորը, ասում է նրան.

– Երբ հարցնեմ քեզ, թե աչքերիս մեջ արյուն կա՞, դու կասես՝ այո՛, աչքերիդ մեջ շատ արյուն կա։

Քիչ անց աղվեսը գայլին հարցնում է.

– Նայիր աչքերիս, արյուն կա մեջը։

– Այո՛, – պատասխանում է գայլը, – աչքերիդ մեջ շատ արյուն կա և թանձրագույն է։

Ուրախացավ աղվեսն ու գնաց նստեց եղնիկների ճանապարհին։ Երբ եղնիկներն եկան, աղվեսը վազեց նրանց ընդառաջ, ինչպես սովորել էր առյուծից։ Բայց եղնիկները հարվածեցին իրենց սմբակներով աղվեսի գլխին, նա ջախջախվելով՝ ընկավ ուշագնաց։

Մոտեցավ նրան գայլն ու ասաց.

– Վե՛ր կաց, այժմ ավելի թանձրացավ արյունը քո աչքերի մեջ։

ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ
Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին ու Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.

– Եթե քեզ դրախտ տանեմ, դա կհամբերե՞ս։

Եվ գեղջուկն ասաց.

– Ե՞րբ կլինի այդ։

Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում էին դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.

– Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը։

Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.
– Այլևս չե՛մ խոսի։
Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց.
– Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:
Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ։ Եվ նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.
– Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք…
Եվ գեղջուկ մարդն ասաց. «Լավ է, ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։

Վեպ

«Մահը» Նար֊Դոս

«Մահը» վեպի, ինչպես և իր բոլոր երկերի վրա, Նար-Դոսն աշխատել է երկար ժամանակ և մեծ համառությամբ։ «Մահը» վեպի ձեռագրերի ուսումնասիրությունը շատ հետաքրքիր նյութ է առանձին հետազոտության համար։ Ինչպես թույլ են տալիս ենթադրել պահպանված ձեռագրերը, «Մահը» վեպի վրա Նար-Դոսն աշխատել է գրեթե քառորդ դար՝ 24 տարի («Մեծ գործի սկզբում», 1894-95թթ, վերամշակումից հետո՝ «Մահը», 1912 թվական)։ 1892 թվականի մարտի 14-ին գրած նամակով Նար-Դոսը Հովհաննես Մալխասյանին հայտնել է․ «Մի նոր վեպս, որ վաղուց սկսած էի, շարունակում եմ, չնայելով սուղ ժամանակիս և շարունակ հոգնած լինելուս․ եռանդս եկել է, պատկերները, երևույթները, դրությունները, իրենք գործող անձերը այնքան վառ են, այնքան կենդանի են երևակայությանս մեջ, որ չեմ կարող նրանց չգծագրել թղթի վրա։ Խոչերն ու խութերը հարթված են, վեպը կեսից անցել է, թեև շուտ կվերջացնեմ, բայց տպագրության կտամ աշնանը»։
Վեպում արտացոլված է 1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ Ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսության փիլիսոփայությունը որդեգրած, «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները։ Սրան հակադրվում է թուրքական բռնակալության դեմ մղված պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլև հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։ «Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործունեության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի իրար հակադիր տեսակետներից»։

  • Նար-Դոս

Նար-Դոսի «Մահը» վեպն իր կենսաճանաչողության լայն ընդգրկմամբ կարևոր տեղ է զբաղեցնում հայ գրականության պատմության համապատկերում։ Էապես տարբերվելով հայ վիպասանության նախընթաց ավանդույթներից՝ վեպը շոշափում է կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական մեկնաբանության իրողություններ, որոնք չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը։ Գրողը նրբորեն նկատում է փիլիսոփայական տարաբնույթ ազդեցությունների տիրույթում գտնվող մարդու ներաշխարհային ալեկոծումները, հեղաբեկումները և կամքի դրսևորման կերպերը։ Վեպի բազմապլան դիտարկումներն անձնասպանության փիլիսոփայական հայեցակարգով փաստում են այն մասին, որ մարդու բարոյահոգեբանական նկարագիրն ու զարգացումները Նար-Դոսի գրչի տակ ձեռք են բերել գիտական որոշակի ոճ։
Անդրադառնալով կյանք-մահ հարաբերությանը՝ Նար-Դոսը հանգել է այն եզրակացության, որ իր հերոսների համար կյանքն իմաստ չունի, իսկ մեռնելը փափագ Է, հավերժություն, որովհետև այն կենսաբանական երևույթ է, որի դեմ պայքարել հնարավոր չէ։

Ավանդություն

Աղջկաբերդ

Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։

Հանելուկներ

Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն։
Նամակ


Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում։
Արև


Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս։
Լուսին

Առասպել

Արիացի Աստվածը (Միհր)

Արիական ժողովրդի, այդ թվում նաև հայերի շրջանում տարածված էր Միհր Աստծո պաշտանմունքը։ Նա համարվում էր կենսատու լույսի, մաքրության, բարության և ավելի ուշ շրջանում նաև կրակի և արևի աստվածը։ Առասպելներին համաձայն նա ծնվել է ժայռից և նրան դաստիարակել են հովիվները։ Նա կռվել է չար ոգիների դեմ, սանձել և զոհաբերել Արամազդի նախաստեղծ Ոսկե ցլին, որի սրբազան արյունով հողում աճել են բոլոր օգտակար բույսերը։ Միհրն պատկերվել է առույգ պատանու տեսքով՝ տապալված ցլին քարայրում զոհաբերելիս։

Փրփրադեզ ալիքներից ծնված աստվածուհին (Աստղիկ)

Հինավուրց ավանդություններից մեկը պատմում է, թե ինչպես է ծնվել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը։ Գերագույն աստված Արամազդը մտածելով, որ իր երկվորյակը կդառնա իրեն մրցակից, սպանում է նրան և գցում ծովը։ Թափված արյունից ծովը փրփրում է, և ալիքներից ծնվում է Աստղիկը։ Դիցուհու ոտքերից արյուն էր կաթում և արյունից աճում են վարդեր։ Եվ պատահական չէ, որ նրան անվանում էին «վարդամատն», «վարդածղի»։ Իսկ նրան նվիրված տոնը կոչվում է «Վարդավառ»։ Տոնին Աստղիկին ընծայաբերել են վարդեր, թռցրել են աղավնիներ։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий